Feed on
Posts
Comments

Սքեչ

Նստած էր ծովափին, մենակ էր: Ծխում էր կամ չէր ծխում, էդպես էլ չհասկացավ: Ծովն ամայի էր, կամ էլ թե ուղղակի ճայերի հավեսը չուներ, դա էլ չպարզվեց: Փարոսն էլ միայնակ էր, թե գոռոզ, ոչ ոք չիմացավ: Ինքը խխունջ էր փնտրում` թաց ոտնաթաթերը խրելով ավազների մեջ: Դրանց փոխարեն գտնում էր քարեր ու մանր խիճ: Թրջված վերնաշապիկը կպել էր մեջքին, ցուրտն անցնում էր ոսկորներին: Մատի մատանին անպետքություն էր, թե չէ, չգիտեր, բայց որ ծովափին այն կրելը թիթիզություն էր, դա հաստատ: Աչքերի տակի սև շրջանակներն ազդանշան էին` մարում ես արդեն: Իր ներսի փոթորիկները մեռել էին կամ էլ գործուղվել անհայտ հեռուներ` անհայտ ժամանակով: Զոմբիացած էր: Ինքն էր ու իր շունը, փրչոտ ու երջանիկ իր շունը, որ ուրախ-զվարթ վազվզում էր ծովափին, ու իր համար այն ամայի չէր: Հետո եկավ ու պառկեց տիրոջ սառած ոտքերին: Ուզեց տաքացնել: Բայց տերը դրանից չգիտես ինչու զայրացավ ու քիչ թե շատ տաքացած ոտքով մի ուժեղ քացի տվեց իր փրչոտ շանը: Շունը վնգստաց, մի պահ նրա բոբիկ ոտքը կծել ուզեց, բայց միտքը փոխեց: Փախավ հեռու:

Նստած էր ծովափին: Մենակ էր: Չէր ծխում: Ճայերն սկսեցին զզվեցնել իրենց ճվճվոցով: Մի հատ մեծ խխունջ գտավ ու լխճեց: Ջարդած ձու հիշեցնող պատյանի տակից դուրս ծորաց իր լպրծուն բնակիչը: Մատանին հանեց ու շպրտեց ծովը: Ծովին բան չեղավ, ինքը նման հեքիաթներ արդեն անգիր էր արել:

Ինքը վեր կացավ, շալվարը թափ տվեց ու սուլելով կանչեց շանը: Շունը վազեց իր մոտ` մոռացած քիչ առաջվա կերած քացին: Կամ էլ գուցե չէր մոռացել: Դե իր տերն էր: Իրեն ամեն օր կերակրում էր, մեկ-մեկ անգամ ականջի հետևն էր շոյում, վերջերս էլ թույլ էր տալիս իր անկողնուն պառկել: Ինքն էլ նրա շունն էր: Իրենից ընդամենը պահանջվում էր լինել փրչոտ ու երջանիկ, անգամ երբ քացի են հյուրասիրում:

 

Ծովը լվաց նրանց հետքերը, ծխախոտի մնացուկները, լխճված խխունջին էլ իր գիրկն առավ ու սկսեց սպասել հաջորդ հեքիաթին:

Աշխատանքիս ամենահաճելի մասը ուղևորություններն են՝ գործուղումները: շատ-շատ եմ ճամփորդում Հայաստանով մեկ: Ամիս է լինում՝ ողջ Հայաստանը ծայրից ծայր անցնում եմ: Երեկ Կապանից եմ վերադարձել: Կապան գնալ շատ եմ սիրում, էնտեղ գործս հիմնականում թեթև է լինում, իսկ ճանապարհն էլ տարվա բոլոր եղանակներին շատ սիրուն է: Կապան հասնելու համար անցնում ենք երեք մարզ՝ Արարատ, Վայոց ձոր, Սյունիք: Ամենագեղեցիկը, իմ կարծիքով, Վայոց ձորն է: էլ չասեմ, որ ճամփին ի՜նչ պատմական կոթող ասես կա: Մինչև հանրահայտԶանգեր“-ը ճամփան հետաքրքիր է, բնությունը՝ և կոշտուկոպիտ, և նուրբ ու քնքուշ, նայելուց չես կշտանում: Ամեն գնալ-գալուց էլ մի նոր բան եմ իմանում, օրինակ՝ Արենի գյուղի եկեղեցին բաց ոտքերով մտնել չի կարելի, լիքը կարիճ կա: Ի դեպ, էդ եկեղեցին գյուղից մի քիչ բարձր է կառուցված, բլրի վրա, ու ճիշտ շրջապատի գյունին է, որոշակի անկյան տակ չի էլ երևում: Արտակարգ սիրուն եկեղեցի է: Արենիից հենց անցնում ենք, սարերը գունափոխվում են ու շատ նմանվում գիտե՞ք ինչիմի տեսակ սուպ կար, որում միայն կանաչի են լցնում ու կարտոֆիլ: Ես դրան ասում եմ անկապ սուպ, հլը գույնը հիշե՞քսարերը մի 3-4 կմ հենց էդ տեսքին են:

Հասնում ենք Եղեգնաձոր: Ճամփեզրին մարդիկ առևտուր են անում: Քանի որ մեծ ճանապարհ է, դրանով են անցնում Իրանից եկող-գնացող հսկայական բեռնատարները, եղեգնաձորցիք ինչ ասես վաճառում են, հաստատ առնող կգտնվի: Մեր կազմակերպության աշխատակիցներին էլ էնքան հաճախ են տեսնում, որ արդեն անգիր գիտեն բոլորին ու նաև՝ ով ինչ կառնի իրենցից: Իմծանոթնէնտեղ Գայանեն է: Մոտ 45-50 տարեկան փոքր-մոքր կին է, միշտ ժպտում է ու հենց մեր ավտոն տեսավ՝ վազում է բրդուճներ պատրաստելու: Հիշում է, թե երբ ես եկել վերջին անգամ, ում հետ էիր, ուր էիր գնում:

-Անցած անգամ որ եկար, դեռ ցուրտ էր, պեչկը չէինք հանել,-ու ցույց է տալիս իր բուդկայի խորքի անկյունը, ուր մի ժամանակպեչկնէր:

Ու ամեն անգամ հետաքրքրվում է, թե ուր եմ գնում, որքան ժամանակով, ինչ գործով, ինչքան աշխատավարձ եմ ստանում, տնեցիները ոնց են և այլն: Մի ուրիշ իրավիճակում գուցե նյարդայնացնող լիներ այս ամենը, բայց դե օտար-ամայի ճամփեքին, երբ հեռախոսդ անջատված է, հարազատներդ՝ կիլոմետրերով հեռու, սական քեզնով հետաքրքրվող կա, լավ ես զգում:

Հասանք “Զանգեր”: Բայց սա արդեն` հաջորդ գրառումներում: ;)

I have my brand new shirt on

With a brand new heart underneath

Beating in the old way….

I am sitting on the bridge

Meditating….

The bridge starts crashing down

And so we both look like

Two spots on the waterfall background

And we both enjoy the same

Happy end.

Երբ որ գամ քեզ մոտ, թող որ դա լինի

Աշնանային օր, խենթ ու խելառ օր`

Մի քիչ ամպամած, թող կաթիլ-կաթիլ

Անձրևի կամաց…

Քո հասցեն կասեմ հոգնած աչքերով

Տաքսու վարորդին, ով, կպարզվի, որ

Ինձ չի հասկանում, սակայն կսկսի

Ինչ-որ ինձ անհայտ լեզվով բլբլալ

Անվերջ ու անսկիզբ, արագ ու անկապ,

Սրտիս զարկերի նման…

Նա ինձ ի վերջո

Կբերի մի կանաչ բակ

Ու ցույց կտա իմ ուզած շենքը.

“You keep the change”

Մեծահոգաբար կասեմ ես,

Սիրում եմ ինձ առատաձեռն զգալ:

Նա կժպտա ինձ իր հոգնած

Աչքերով ու կհեռանա:

Կմնամ ես` սիրտս կրծող

Անհանգստության հետ մենակ…

Ու կնստեմ այն բակում,

Որն այնքան ծանոթ է քո

Ոտնահետքերին, ու մի կերպ

Զսպելով մատներիս դողը`

Ծխել կփորձեմ…

Կզննեմ պատուհանները,

Տեսնես որն է քոնը…

Ու հուսով եմ, որ դրանցից մեկում

Դու կնշմարվես…

Ես գլանակը աղբը կնետեմ,

Կվազեմ քեզ մոտ

Ու կասեմ եկա, նայի’ր, տե’ս, քո’նն եմ,

Ու թող դա լինի ճիշտ ընտրված պահ,

Որ դու ինձ ժպտաս քո մեղմ ժպիտով

Ու գուցե ասես`սպասում էի քեզ,

Ուր էիր կորել էսքան ժամանակ….

I forgot to buy cheese and coffee and cigarettes

That my mum had asked me to.

She was upset, she said I always forgot to do anything she asked me to.

That’s kinda true, but anyways

I don’t think I’m that bad.

See although I always forget to buy something,

I remain good all the same

Because I am not addicted to drugs, I don’t drink,

I don’t go out with jerks (well…)

I am not dying from AIDS and I always watch those stupid TV shows they watch

And I laugh with them, though I don’t think it’s funny, I just laugh

Because I know that they feel pleased when we laugh together.

But I couldn’t tell my mum all this stuff

When she was upset and I couldn’t go and kiss her and say that

I’m so fucking sorry that I forgot to buy all she needed.

It’s just another kind of love, unspoken, without hugs and kisses.

It’s just me forgetting shopping,

My mum getting upset,

And the idiotic TV show we watch and laugh together.

Ստեփանավանում լիքը ծանոթներ ունեմ`

Արևածաղիկ ծախող ղարաբաղցի տատին, որ

Ակնոցը քթին ուղղելով ինձ է դիմում`

Բալա ջան, հին գիրք չունե՞ս, բեր կուլոկ սարքեմ:

Ու քաղաքապետարանի (թե՞ քաղաքապետՔարանի)

Դիմաց բնակվող անտեր շունը,

Որ երբեք չի մոռանում վրաս հաչալ,

Լոռի հյուրանոցի անձնակազմը, ճեփ-ճերմակ

Գոգնոցները կապած պատրաստ սպասում են`

Սենյակդ պատրաստե՞նք, մեր աշխատող բալա,

Քանի՞ օր կմնաս, մենակ ես էլի~,

Գոնե անցած անգամվա պես շատ չծխես,

Ջահել ես, մեղք ես

Գրասենյակը, ուր թոթափում եմ քաղաքից բերած անպետք թղթերն ու

Զինվում նորերով: Ու Ալվարդ տոտան,

Որ միշտ լայն ժպիտով հրավիրում է հաց ուտելու:

Բա ո՞րտեղ ես մնալու, ամեն անգամ հետաքրքրվում են բոլորը

Ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը` հյուրանոցում

Ու ամեն անգամ նոկաուտ անում նախնադարյան բացսրտությամբ`

Հյուրն աստծունն է, կգաս մեր տուն:

Իսկ  ես նոկաուտից ուշքի եմ գալիս ուրբանիստական

Մենամոլությամբ:

Սենյակ համար երկու, կապույտ սենյակ,

Սպասիր ինձ, չմոռանաս ծխախոտիս ծուխը,

Չմատնես երբեք իմ մենակ գիշերները, ես դեռ գալու եմ…

Վերջերս սկսել եմ ուշադություն դարձնել կյանքում տեղի ունեցող այն օրինաչափություններին, որոնք կան, գոյություն ունեն, սակայն դրանք ոչ մի տեղ գրված չեն, ու շատերը դրանք չեն էլ նկատում: Իսկ դրանք նկատվելու արժանի երևույթներ են: Չնայած, կար մի շատ հետաքրքիր մարդ`  Մըրֆի անունով, ով մի հրաշալի աշխատություն է նվիրել նման երևույթների ուսումնասիրությանը: Աշխատությունն այդ կոչվում է “Մըրֆիի օրենքը”, եթե չեք կարդացել, անպայման փորձեք,  շատ ուսուցանող է ու չի ձանձրացնում:

Ես կփորձեմ շարադրել իմ նկատառումները` իհարկե ոտք չմեկնելով պարոն  Մըրֆիի հետ: Եվ այսպես,

 

Սահմանում առաջին`

Այն ֆիլմը, որ ցանկանում եք դիտել, ու դիսկը տեղադրում եք DVD նվագարկիչում, անպայման գտնվում է հակառակ կողմում:

 

Սահմանում երկրորդ`

Հարևանը տնից դուրս է գալիս հենց այն պահին, երբ դուք միջանցքում համբուրվում եք:

 

Հետևանք`

Միջանցքում համբուրվելը հարևանին ստիպում է տնից դուրս գալ:

 

Սահմանում երրորդ`

(Dial-up-ից օգտվողների համար)

Կապը կտրվում է հենց այն պահին, երբ մի երկա~ր գրառում  էիք կատարել ու փորձում էիք  այն տեղադրել որևէ ֆորումում:

 

Սահմանում չորրորդ, որը բխում է երրորդ սահմանումից`

Եթե մոռացել եք save անել երկար գրառումը, ապա կապը կկտրվի:

 

Հետևանք`

Գրառումը save անելը պահպանում է ինտերնետ կապը:

 

Սահմանում հինգերորդ`

Հեռախոսը կզանգահարի հենց այն պահին, երբ տանն էլ ոչ ոք չկա, իսկ դուք լողանում եք:

 

Հետևանք`

Տանը մենակ ժամանակ լողանալը հեռախոսին ստիպում է զանգել:

 

(երևի թե շարունակելի)

Նամակ…

Ո՞նց թե դու երջանիկ ես.

Մենք էդպես չէինք պայմանավորվել… :(

Ես Phonetic-ն ավելի եմ սիրում, քան
Typewriter-ը
Phonetic-ն ինձ նման ալարկոտների համար է:
Արագ-արագ թփթփում են մատներս
Ստեղնաշարի վրա
Ու հերթական անհեթեթությունն է
Մի կերպ դուրս գալիս գլխիցս
Սեփական ուղեղիս հավաքարարն եմ դարձել
Բայց շատ ապաշնորհ եմ
Ու ծույլ
Չվախենամ ասել` նաև վախկոտ:
Անկապ գրում եմ, ու մի տեսակ
Վայրի հաճույք է սլանում երակներովս,
Վաղուց էսպես չէր եղել,
Անկեղծանու՞մ եմ,
Թե՞ մեծանում եմ
Մեծամտանում, ապուշանում եմ
Մի բան անում եմ, ես դեռ ապրում եմ,
Ինչպիսի~ հաճույք

Ջազզվեում մի սենյականոց ունեմ: Դրա մասին գիտեն քչերը: Հետևաբար` էնտեղ քչերն են եղել: Վերջերս ես էլ եմ էնտեղ քիչ լինում: Երբ էլ գնում եմ` մի տեսակ օտար եմ զգում ինձ: Տանս պատերն ինձ էլ չեն ճանաչում: Ծխախոտիս ծուխն էլ է  անցել, ինչ-որ չափազանց  առողջ մթնոլորտ է, դրանից  նեղվում եմ:

Ջազզվեում մի սենյականոց ունեմ… Բայց  ինձ էլ պետք չի, արդեն սովորական վայր է դարձել: Միգուցե նրա ողջ հնայքը նրանում էր, որ ինքը հատուկ նշանակություն ուներ, դե գոնե ինձ այդպես էր թվում, բայց վերջերս պարզվեց, որ էդ նշանակությունը ես եմ հորինել, ինքն իրականում չկա: Այսինքն  կա, ուղղակի ես այն կոչել էի սեր, իսկ իրականում այն պետք է կոչվեր ձանձրույթ: Վաճառվում է մեկ սենյականոց Ջազզվեում…

Older Posts »